Նախորդ տարվա դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7%: 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%:
Այս մասին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը: Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների և արտադրաշղթաների խաթարումների հետևանքով։ Միջազգային գների աճն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում կանխատեսված ցուցանիշների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակով։ Այդ պատճառով գործընկեր երկրների ԿԲ-ները նախանշում են սպասվածի համեմատ դրամավարկային պայմանների ավելի արագ խստացում: Արդյունքում` արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն»,- նշեց նա։
Մարտին Գալստյանն արջանագրեց, որ Հայաստանում համավարակի հերթական ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ:
Նա նաև ասաց, որ 2021-ի վերջին շինարարության և արդյունաբերության ճյուղերում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։ Խորհուրդը համակարծիք է, որ ամբողջական պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ ի հաշիվ արտաքին պահանջարկի, որը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը:
Գալստյանի փոխանցմամբ՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Քաղաքականության այս գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
«Սպասում ենք, որ տարվա վերջում մոտենալու ենք մեր նպատակային թիրախին։ Ամենահավանական կետը, որով առաջնորդվում ենք այս պահի դրությամբ՝ կանխատեսումների շնորհիվ, 5-5,5 տոկոսի շրջանակներում է»,- ասաց ԿԲ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







