«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյուղատնտեսներին մտահոգում է ոչ միայն գազի գնի սպասվող բարձրացումը, այլեւ թուրքական ապրանքների ներկրման արգելքը չերկարացնելը: Չի բացառվում, որ առաջիկայում գյուղատնտեսները սկսեն բողոքի ակցիաներ իրականացնել, ճանապարհներ փակել: Ավելին՝ նրանց խոսքերով՝ այսօր տեղական շուկան ողողված է թուրքական ծագում ունեցող լոլիկով, որն ավելի ցածր գին ունի, քան տեղում աճեցվողը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, ե՛ւ ընդդիմությունը։ Հրաժարականի լուրը դեռ չէր տարածվել, արդեն սկսեցին քննարկել, թե ում թեկնածությունը կառաջադրվի։ Թիմակիցները սկսեցին շրջանառել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, եւ մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես տարի անց»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին»։
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







