Հայաստանի և Ադրբեջանի հասարակական գործիչների հանդիպումը, որը տեղի է ունեցել Մոսկվայում, հասել է իր նպատակին։ Այն է՝ երկու երկրների գիտական, ստեղծագործական էլիտաների ներկայացուցիչների միջև բարյացակամ շփումների վերականգնումը, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար բարենպաստ ֆոնի ստեղծումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մասնակիցները հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում տեսնում են մտավորականության դերը։ Նրանք միասնական էին այդ հարցում։ Կառուցողական երկխոսության տրամադրվածություն կար նաև զգայուն հումանիտար թեմաների քննարկման ժամանակ։ Այդ հարցերից են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձնելու, Հայաստանի կողմից ականապատված դաշտերի մնացած քարտեզների փոխանցումը հարցերը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Ռուսաստանն աջակցել է, աջակցում և աջակցելու է նման նախաձեռնություններին։
«Մենք չափազանց ակտուալ ենք համարում նման միավորող օրակարգը, որը նպաստում է առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, առաջ շարժվելու մթնոլորտ է ձևավորում։ Ուստի, մենք հեռանկարում ակնկալում ենք նման շփումներ անցկացնել կանոնավոր հիմունքներով, այդ թվում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում»,- ընդգծել Է Զախարովան:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ, դեկտեմբերի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել։ Այն տեղի է ունեցել Մոսկվայում, որտեղ քննարկել են երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների լարվածությունը մեղմելու միջոցները:
Հայկական կողմից մոսկովյան հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ադրբեջանի կողմից մասնակցել են Ադրբեջանի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, Ադրբեջանի լեզուների համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլան, կինոռեժիսոր Այազ Սալաևը և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոխրա Մամեդովան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






