Անցնող 2021 թվականը պատերազմի հետևանքները հաղթահարելու տարի էր։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 30-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանում դրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար մեծ ջանքեր գործադրվեցին, ինչը տարվա մեկնարկին դրված խնդիրն էր։
«2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումը, դրանից բխող հետևանքները, նոյեմբերի 16-ի միջադեպն է՛լ ավելի սրեցին անվտանգային իրավիճակը»,- ասաց Փաշինյանն ու առաջարկեց կառավարության անդամներին մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։
Վարչապետի համոզմամբ՝ ինչքան էլ որոշումներ կայացնելու կամքի դրսևորում ցուցաբերվի, պետք է հասկանալ, որ բոլոր որոշումները չէ, որ կախված են մեզնից։
«Պետք է բոլոր սուբյեկտների հետ, ումից կախված են մեր քայլերը, հասունացնել գործընթաց, որտեղ կկարողնանանք ֆիքսել իրավիճակը և կյանքի կոչել խաղաղության օրակարգն իր լրումին»,- ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






