Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

«Եթե 10 տարի առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալիները Վաշինգտոնում էին, այսօր Մոսկվայում են»․ Սուրեն Սարգսյան

«Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Armenia Today գործակալության թղթակիցը նրա հետ զրուցել է Սոչիում և Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված հանդիպումների, տարածաշրջանում Արևմուտքի և Ռուսաստանի հնարավոր մրցակցության, ՀՀ ԱԽ քարտուղարի Վաշինգտոն կայացած այցի արդյունքների, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանի տեղի և դերի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ներկայիս գործընթացում ԱՄՆ-ի դերի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում և Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները

«Դժվար է գնահատել Սոչիում և Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, քանի որ ստեղծվում է այն տպավորությունը, որ բոլոր զիջումները, ընդ որում՝ տարածքային, տեղի են ունենում Հայաստանի հաշվին: Սոչիի հանդիպումը 1920 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի շարունակությունն էր, թե ինչպես է այդ փաստաթուղթը իրականացվում, կողմերն ինչ գործողություններ են իրականացրել: Բնականաբար, հիմնականում զրույցը գնում էր այդ համաձայնության իմպլեմենտացիայի մասին: Մեծ հաշվով նոր բան ես չեմ էլ ակնկալում այդ հանդիպումից: Կողմերը նորից իրար մեղադրանքներ էին ներկայացնում նոյեմբերի 9-ին համաձայնագիրը չկատարելու առումով՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է միջանցք չտրամադրելու մեջ, իսկ հայկական կողմը, որ ադրբեջանցիները չեն վերադարձնում հայ ռազմագերիներին»,- նշեց Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին։

Ըստ փորձագետի՝ դեռևս լուրջ առաջընթաց չի արձանագրվել, կողմերը մնում են իրենց դիրքորոշումներին, և կարծես թե, չեն ցանկանում գնալ զիջումների: «Համենայնդեպս, ադրբեջանական կողմը չի ցանկանում գնալ որևէ զիջման՝ փորձելով առավելագույնս քաղել զիջումներ Հայաստանից»,- նշեց Սարգսյանը։

Տարածաշրջանային այս թնջուկի համատեքստում անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցության մասին հարցին՝ Սարգսյանն ընդգծեց.

«Արևմուտքի և Ռուսաստանի միջև միշտ եղել է մրցակցությունն այս տարածաշրջանում՝ սկսած Խորհրդային Միության փլուզումից հետո, և այն ունեցել է տարբեր դրսևորումներ: Հիմա հստակ կա այդ մրցակցությունը, քանի որ գերտերությունները տարածաշրջանում ունեն իրենց շահերը, այդ թվում՝ անվտանգային, քանի որ ուժերի բալանսի փոփոխությունը նոր մարտահրավերներ է ձևավորել, այդ թվում նաև հարևան Իրանի և հատկապես Թուրքիայի համար, որն ունի ավելի մեծ ազդեցություն, քան նախկինում է»։

Ըստ ամերիկագետի՝ ընդհանուր առմամբ, ուժերի փոփոխությունը հաշվի առնելով՝ համապատասխանաբար խոշոր տերությունների ռազմավարությունը և մարտավարությունը նույնպես փոփոխությունների է ենթակվել:

ՀՀ ԱԽ քարտուղարի այցն ԱՄՆ

«Իմ կարծիքով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին այցը Վաշինգտոն կրում էր ճանաչողական բնույթ, և լուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: 9 ամիս առաջ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է ձևավորվել և շփումներ Հայաստանի հետ եղել են՝ ելնելով բացառապես պատերազմական գործողություններից»,-նշեց միջազգայնագետը՝ գնահատելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կատարած այցի արդյունքները:

«Այցի նպատակը եղել է հայ-թուրքական հարաբերությունների համատեսքտում, որովհետև ԱՄՆ-ի համար միշտ էլ առաջնահերթությունն է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ սկսած 1992 թվականից: Որքանով հասկանում եմ, մեր ԱԽ քարտուղարը նույնիսկ առաջ չի քաշել որևէ հարց կապված ԼՂ կարգավորման, ռազմագերիների վերադարձի, Հայաստանի ամբողջականության խախտման, ադրբեջանական ագրեսիայի հետ: Խոսակցությունը տևել է շատ կարճ և տարածաշրջանի գլոբալ հարցերին է առնչվել»,- նշեց Սարգսյանը։

Գրիգորյանի կողմից Դեմոկրատական գագաթնաժողովին Հայաստանին հրավիրելու համար երախտագիտություն հայտնելու մասով փորձագետը նշեց. «Այս գագաթնաժողովին հրավիրելն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես մեծ ձեռքբերում, այնինչ սրա տակ կան շատ լուրջ քաղաքական հաշվարկներ՝ ում հրավիրել և ում չհրավիրել ժողովրդավարական գագաթնաժողովին»,- ընդգծեց Սարգսյանը։

Հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները. ԱՄՆ-ը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունները

«Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ աղքատ է, և հիմնականում մեր շփումների առանցքը ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունն է ոստիկանության, արդարադատության և առողջապահության ոլորտների բարեփոխումների համար, եղել է օգնություն նաև USAID գծով»,- նշեց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ վերջին 30 տարվա մեջ ԱՄՆ-ը Հայաստանին ցուցաբերել է 3 մլրդ դոլարի չափով աջակցություն, և այդ օրակարգը միշտ մնում է նույնը՝ աջակցությունը ամերիկյան կողմից: Այսինքն՝ ռազմավարական գործողության ձևաչափ չկա, կա ռազմավարական երկխոսության մի պլատֆորմ, բայց ակընհայտ է, որ մենք ԱՄՆ-ի առջև որևէ ռազմավարական խնդիր չենք կարող դնել:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում, փորձագետը նշեց, որ Ամերիկայի բոլոր վարչակազմերը՝ սկսած Ջորջ Բուշ ավագից, 90-կանների սկզբից ունեցել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջնահերթությունը։

«Դա եղել է իրենց համար շատ կարևոր՝ պայմանավորված շատ տարբեր հանգամանքներով։ Եթե ուսումնասիրենք 90-կանների ամերիկյան գիտնականների աշխատությունները, ապա կտեսնենք, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը, որովհետև դրանով կրճատվում էր Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում և փոխարենը մեծանում էր ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների ազդեցությունը: Սա ռազմավարություն էր հարաբերությունները կարգավորելու նպատակով, նաև Ռուսաստանի ռազմական ազդեցության դեմ գործողություններ իրականացնելու համար, այսինքն՝ ռուսական ազդեցությունը կանխելու համար: Սա մշտապես եղել է առաջնահերթություն և հիմա էլ այդպիսին է»,- նշեց Սարգսյանը։

Փորձագետը չբացառեց, որ Բայդենի և Էրդողանի հանդիպման ժամանակ Թուրքիայի առաջնորդը կարող էր առաջ քաշել երկկողմ հարաբերություններում որոշ խնդիրներ՝ մասնավորապես նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսում տարբեր կոնգրեսականների և սենատորների կողմից հակաթուրքական բանաձևեր են բերվում, որոնք վերաբերվում են Թուրքիայի և Էրդողանին նկատմամբ պատժամիջոցների, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինամթերք վաճառելուն:

«Բոլոր այդ հարցերը առաջ են քաշվում հայ համայնքի և հայկական լոբբիստական կազմակերպությունների շնորհիվ: Ես չեմ բացառում, որ որոշակի բողոք է արտահայտվել այդ կապակցությամբ, և Բայդենն ասել է, որ փորձիր հարաբերություններդ կարգավորել Հայաստանի հետ, եթե ուզում ես կանխենք նման գործողությունները հայկական լոբբիստների կողմից: Ես չեմ բացառում նաև, որ ԱՄՆ-ն հենց այս տեսակի խորհուրդ կամ ինչ-որ առումով նաև ճնշում է գործադրվել Թուրքիայի նկատմամբ»,- նշեց Սարգսյանը։

Ըստ միջազգայնագետի՝ միաժամանակ չպետք է մոռանալ, որ Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար դիմել են ռուսական կողմին, ռուսական միջնորդությանը, որպեսզի ռուսները փորձեն կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:

«Այստեղ մի կարևոր առանձնահատկություն կա, եթե 10 առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալիները Վաշինգտոնում էին, ապա այսօր դրանք Մոսկվայում են: Սա փաստ է՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները և փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մի քանի տարիների ընթացքում: Բնականաբար, պետք է նկատի ունենալ նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանում նրա ազդեցության աճը»,- եզրափակեց փորձագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+