«3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ նիստերը նախատեսվում է անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ: ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել Է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, որը գլխավորում էր իր երկրի պատվիրակությունը Մոսկվայում խորհրդակցական պլատֆորմի առաջին նիստում։
«Փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպման եւ քննարկման մեխանիզմի շրջանակներում նախատեսվում է տարեկան առնվազն երկու անգամ անցկացնել անդամ երկրներից մեկում՝ ռոտացիայի հիման վրա։ Հանդիպումներ եւ քննարկումներ կանցկացվեն արտաքին գործերի նախարարությունների համակարգմամբ եւ ղեկավարմամբ՝ էկոնոմիկայի եւ տրանսպորտի նախարարությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ոլորտային այլ գերատեսչությունների մասնակցությամբ», — ասել է Խալաֆովը։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ հանդիպումները կարող են կազմակերպվել նաեւ ավելի բարձր մակարդակով։ «Մեխանիզմի աշխատանքը կիրականացվի կոնսենսուսի հիման վրա, նիստերում կարող են քննարկվել համատարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստող նախաձեռնություններ ու նախագծեր», — ասել է Խալաֆովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







