Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են մնում տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Այս մասին նախօրեին ՌԴ Դաշնային Խորհրդում կառավարական ժամի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոնկրետ ջանքեր է գործադրում նման ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ։
«Դրանք մեր ջանքերն են՝ ուղղված ահաբեկիչների ջախջախմանը և Սիրիայում քաղաքական երկխոսության առաջխաղացմանը։ Դա մեր առանցքային դերն է Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում։ Խոսքը նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի հարցերին կայուն լուծումներ գտնելու մասին է։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք Աֆղանստանի, Լիբիայի, Եմենի, Իրանի միջուկային ծրագրի, պաղեստինա-իսրայելական, Կորեական թերակղզու և այլ թեժ կետերի շուրջ տարվող աշխատանքներում»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Մոսկվայի հատուկ վերահսկողության տակ է գտնվում Ուկրաինայի իրադրությունը:
Պատասխանելով հետխորհրդային պետություններում ռուսաց լեզվի դերի և տեղի մասին սենատորների հարցին՝ Լավրովը հիշեցրել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի նախաձեռնությունը նման դպրոցներ ստեղծելու մասին: Նա նշել է, որ Հայաստանում նման ծրագիր ևս նախապատրաստվում է։ Ռուսաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 1,5-2 տարի անց այդ ծրագրերի իրականացման համար հատկացումների չափերն էապես կմեծանան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






