Թուրքիան մեր առջև մշտապես դրել է մի շարք նախապայմաններ: Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Լեռնային Ղարաբաղի զիջում Ադրբեջանին, հիմա էլ արդեն Նախիջևան-Ադրբեջան միջանցքի բացում: Սրանք հիմնական, բայց ոչ բոլոր նախապայմաններն են: Ընդ որում, երրորդ նախապայմանը միս ու արյուն է ստացել 2020թ. վերջին: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ԱԳՆ-ը հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջնորդության համար:
«Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է: Արցախը հանձնված է: Հիմա, եթե միջանցքի նախապայմանը Թուրքիան դրել է, իսկ Հայաստանը դիմում է Ռուսաստանի միջնորդությանը, ուրեմն հայկական կողմը այդ նախապայմանն էլ է պատրաստ բավարարել»,- գրել է փորձագետը:
Սարգսյանը չի բացառում, որ «առանց նախապայմանների» եզրույթը հայկական կողմը կիրառել է «երկրորդային» նախապայմանների համար (անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի հեռացում, տարածքային պահանջատիրությունից հրաժարում և այլն)։ Թե չէ էլ ի՞նչ նախապայման: Բոլոր հիմնական նախապայմանները բավարարել ենք, մեկն էլ շուտով կբավարարենք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






