Ախալքալաքի զորամասում ծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է ստամոքսի խոցի վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Jnews-ը։
Սարգիսը Ջավախքի Փոկա գյուղից էր։ Նա վիրահատության էր ենթարկվել նոյեմբերի 11-ին ու դուրս գրվել հիվանդանոցից նոյեմբերի 16-ին։ Հաջորդ օրը բժիշկները պահանջել են վերադարձնել նրան հիվանդանոց, իսկ արդեն մյուս օրը՝ նոյեմբերի 18-ին, հիվանդանոցից զանգահարել են Սարգսի ընտանիքի անդամներին և հայտնել, որ նա մահացել է։
Մահացած զինծառայողի հարազատներն ու համագյուղացիները պարզաբանում են պահանջում մահվան դեպքի հետ կապված։ Նոյեմբերի 18-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչները՝ մոտ 70 մարդ, հավաքվել են Ախալցիխեի Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի շենքի մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանել Սարգսի մահվան հանգամանքները։ Նշվում է, որ փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ մահվան պատճառը հայտնի կդառնա միայն մեկ ամիս անց։
Ինչպես հայտնել է Ախալքալակի ԲԿ-ի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը՝ ուզում էին տղային տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ, որ խոցի պատճառով դուրս գրեն, ազատեն զինծառայությունից։ Նա եղել է նորակոչիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







