Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրուլա Հադեմին։
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ երթուղի ստեղծել։ Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին», — նրա խոսքը մեջբերում է ILNA գործակալությունը։ Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին է, որը կկառուցվի Գորիս-Կապան այլընտրանքային մայրուղուց զատ, որի վերաբերյալ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:
Նա նշել է, որ այսօր գոյություն ունի իրանական Արևելյան Ադրբեջան նահանգը Երևանի հետ կապող երթուղի: «Այդ ճանապարհի մոտ 21 կիլոմետրը, վերջին փոփոխությունների համաձայն, համարվում է Ադրբեջանի մաս»,- հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմն այս կարճ հատվածի [անցման] համար, որի վրա միայն մեկ հսկիչ անցագրային կետ է, գանձում է ճանապարհային վճարներ»:
«Պետք է հնարավորինս շուտ այլընտրանքային երթուղի ստեղծել, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց պահանջներին»,- նշել է Հադեմին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







