Վրաստանում հոկտեմբերի 30-ին երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի անցկացումից հետո Իրակլի Ղարիբաշվիլին, ամենայն հավանականությամբ, կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից։
Այս մասին հայտնում է «Пирвели» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ինչպես նշվում է, «Վրացական երազանքում» դժգոհ են հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքներից։ 20 քաղաքներում իշխանության կուսակցության քաղաքապետի թեկնածուները չեն կարողացել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսը: Բացի այդ, որոշ խոշոր քաղաքներում իշխող կուսակցությունը համամասնական ցուցակներով զիջել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը։
«Пирвели»-ին պնդում է՝ այդ պատասխանատվությունը «Վրացական երազանքում» դրել են Ղարիբաշվիլիի վրա, որը ղեկավարել է իշխանության կուսակցության նախընտրական արշավը և ամռան ընթացքում ակտիվորեն հանդիպումներ է անցկացրել ընտրողների հետ: Վրաստանի վարչապետի պաշտոնում նախատեսվում է նշանակել Իրակլի Կարսելաձեին՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների 44-ամյա նախարարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







