Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:01

Վարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որի սղագրությունը ներկայացվում է ստորև.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

տիկնայք և պարոնայք,

նախ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին և վստահեցնել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սպասված և մշտապես ցանկալի հյուր է Հայաստանի Հանրապետությունում: Մենք կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության դերի և մակարդակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարի այս այցելության նպատակներից էր ամփոփել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահությունը:

Ինչպես տեղյակ եք, 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020թ. անցկացվելիք 18-րդ գագաթնաժողովը հետաձգվեց և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ էինք ստանձնել այդ կարևոր դերակատարումը, սակայն, ցավոք պետք է նշել, որ Երևանի գագաթնաժողովին ընդունված մեր կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր և ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել:

Մենք կարևորում ենք կազմակերպության հաջորդ՝ 18-րդ գագաթնաժողովի պատշաճ պատրաստումը և անցկացումը: Հայաստանը որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառմանը և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը: Այսօրվա հանդիպմանը Գլխավոր քարտուղարի հետ մենք անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի և առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: Առանձնահատուկ կարևորել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը:

Հայաստանը երախտապարտ է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին 2020 թվականի աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին Գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է Գլխավոր քարտուղարին սույն թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Սա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան են այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, հատկապես, ֆրանսերեն լեզվի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և բուհերում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանն աջակցում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև Գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը: Շնորհակալություն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո — Շատ շնորհակալ եմ պարոն վարչապետ, ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, այն քաղաքում, որտեղ ես ընտրվեցի գլխավոր քարտուղար: Ես առանձնահատուկ կախվածություն ունեմ այս երկրից մի շարք պատճառներով: Հայաստանի համար ծայրահեղ դժվարին պատերազմական և համաճարակային իրավիճակում մենք խոսել ենք հեռախոսով, սակայն ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես գործող նախագահող, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մենք, իհարկե, Փարիզում էլ ենք հանդիպել և քննարկել այդ հարցերը, բայց դրանից հետո շատ բաներ են տեղի ունեցել և աշխարհում, և այս երկրում, ուստի, նախ և առաջ, ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ այս գեղեցիկ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու և Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Մեր կազմակերպության համար պատիվ էր, որ կարողացանք դիտորդներ ուղարկել այդ ընտրությունների համար: Նրանք զեկուցել են ինձ: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը:

Ինչ վերաբերում է մեր կազմակերպության և այս գեղեցիկ երկրի միջև համագործակցությանը, ապա մենք շատ հետաքրքրված ենք գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ և ֆրանկոֆոն մյուս երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում: Միասին խորհրդակցում ենք դեսպան Տեր-Ստեփանյանի հետ, որը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Սա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք խոսում են ֆրանսերեն:

2021թ. Ֆրանկոֆոնիան սակայն միայն ֆրանսերեն լեզվին չի վերաբերում: Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների համար ֆրանսերենը համատեղ լեզու է, բայց նախ բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ: Այսօր կոմպլեքսներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերեն լեզվին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր: Հայաստանը մեծապես նպաստում է մեր կազմակերպության գործունեությանը, ևս մեկ անգամ շեշտեմ, այնպիսի իրավիճակում, որը բավականին դժվարին է:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, դրա մասին քիչ առաջ վարչապետի հետ քննարկեցինք, շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ: Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է, Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ: Մենք պատրաստ ենք միշտ լսել վարչապետին և Հայաստանի իշխանություններին: Եվ, բնականաբար, վարչապետը մնում է գործող նախագահող մինչև հաջորդ գագաթնաժողովը կկազմակերպվի, որը պետք է, որ Թունիսում կազմակերպվի մոտ մեկուկես ամիս անց: Ուստի կապի մեջ ենք մնալու վարչապետի հետ, որպեսզի նա կարողանա այս գործընթացին աջակցել մինչև նախագահությունը կփոխանցի հաջորդ նախագահողին՝ Թունիսին:

Պարոն վարչապետ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր հյուրընկալության համար, հայերի հյուընկալության համար: Իսկապես, մենք մեզ տանն ենք զգացել ժամանելու պահից և Ձեզ կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+