Ալիևի հետ հանդիպման համար ժամանակի և տեղի սահմանափակում չունենք, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն։ Այս մասին Լիտվա պաշտոնական այցի ավարտին երկրի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ միակ սահմանափակումն այն է, որ նման հանիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում, սակայն պատրաստակամության առումով նշեց, թե առաջին անգամ չէ, որ հայտնել է դրա մասին։
Փաշինյանը ցավով ընդգծեց, որ մինչ այժմ չեն բացվել տնտեսական կոմունիկացիաները, թեև այդպես պետք է լիներ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
«Տրամաբանորեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները պետք է բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին»,- ասաց նա՝ շարունակելով, որ այս ամենի հետ մեկտեղ կարևոր է հումանիտար հարցը։ Նույն հայտարարության մեջ նշված է, որ ռազմագերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք պետք է վերադարձված լինեին։
Գերիների վերադարձը, Փաշինյանի խոսքով, կստեղծեր որոշակի պոզիտիվ ֆոն, որի առկայությամբ հնարավոր կլիներ դեմարկացիայի, դելիմիտացիայի և այլ հարցեր առավել կառուցողական լուծել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







