Ֆրանսիական ժանդարմերիայի աշխատակիցները 20 տոննա մանր ծովախեցգետին տեղափոխող բեռնատար-սառնարանում մոտ 700 կգ կոկաին են հայտնաբերել։
Ամեն ինչ սկսվել է միջադեպից, որը տեղի է ունեցել նավահանգստից դուրս գալու ժամանակ։ 38 տոննա քաշով բեռնատար մեքենան առևանգել են չորս զինված անձինք։ Հարձակվողներն առևանգել են վարորդին և նստեցրել մարդատար մեքենայի մեջ։
Ժանդարմերիային տեղեկացրել են միջադեպի ականատեսները։ Իրավապահներին մեկ ժամից էլ քիչ է պահանջվել՝ մայրուղու վրա լքված բեռնատար մեքենան հայտնաբերելու համար։ Հանցագործները մինչ այդ, հասկանալով, որ չեն կարող փախչել հետապնդումից, կայանատեղիներից մեկի մոտ թողել են բեռնատարը և դրա վարորդին և դիմել են փախուստի:
Ժանդարմներին հետագայում հաջողվել է նավահանգստի շրջանում ձերբակալել չորս հանցագործներից երկուսին։ Ստուգելով սառնարանային խցիկը՝ իրավապահները Էկվադորից ժամանած ծովախեցգետիններով արկղերի մեջ հայտնաբերել են 11 սպորտային պայուսակներ, որոնցում կոկաինով փաթեթներ են եղել:
Ինչպես հայտնել է ոստիկանության աղբյուրը՝ նման քանակի թմրանյութի արժեքը սև շուկայում գերազանցում է 40 մլն եվրոն։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել թմրանյութերի տեղափոխման, առևանգման եւ մարդուն բռնի պահելու կասկածանքով: Ժանդարմներն ակնհայտ են համարում, որ բեռնատար-սառնարանի վարորդն ոչինչ չի իմացել տեղափոխվող թմրանյութերի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







