«Թալիբան»-ը Թուրքիային առաջարկել է զբաղվել Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական կառավարմամբ, իսկ անվտանգությունն այն իր վրա է վերցնում: Այս մասին ուրբաթ հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV հեռուստաալիքի եթերում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Թալիբներն առաջարկել են զբաղվել Քաբուլի օդանավակայանի կառավարմամբ։ Ո՞ւմ են առաջարկել՝ մեզ։ Ասում են՝ անվտանգություն կապահովեն, բայց աշխատանքի վարչարարությունը մեզ են առաջարկել։ Մենք դեռ պատասխան չենք տվել, որոշում չենք կայացրել»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահը նշել է, որ որոշումը չի ընդունվել հենց օդանավակայանի անվտանգության անորոշության պատճառով:
«Որովհետև այնտեղ հիմա ցանկացած պահի հնարավոր են միջադեպեր և զոհեր։ Եթե օդանավակայանի ղեկավարության օրոք հանկարծ տեղի ունենա երեկվա ահաբեկչության նման մի բան, որտեղ մարդիկ են զոհվել, իսկ մենք լինենք օբյեկտը կառավարողները, մենք պարզապես չենք կարողանա ինչ-որ կերպ բացատրել դա։ Այնպես որ, այս պահին թալիբների առաջարկի մասով որևէ որոշման մասին խոսք չկա»,- ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որպեսզի Անկարան կարողանա զբաղվել օդանավակայանի կառավարմամբ։
Թուրքիայի նախագահը, սակայն, ընդգծել է, որ շարժման հետ Անկարայի շփումները հնարավոր են առիթի և ցանկության առկայության դեպքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







