Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Փարիզը հետ է կանչել Անկարային անտառային հրդեհների մարման համար միջոցներ ուղարկելու իր առաջարկը:
«Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դեռ հուլիսի 30-ին էր հայտարարել անտառային հրդեհների հետ բախված Թուրքիային օգնելու պատրաստակամության մասին։ Մենք առաջարկել ենք Թուրքիա ուղարկել քաղաքացիական անվտանգության մասնագետների ջոկատ և հակահրդեհային սարքավորումներ»,- TACC-ին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի շնորհիվ Թուրքիայի ավիացիոն օգնության հարցումը Եվրամիության գծով բավարարվել է ԵՄ մի քանի անդամ երկրների ջանքերի միջոցով։
Նշվում է, որ աղբյուրը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյունքում Ֆրանսիան հետ է կանչել իր առաջարկը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ֆրանսիան և Հունաստանն անտառային հրդեհների դեմ պայքարում օգնության համար Անկարային ուղղված առաջարկներից հետո չեն իրականացրել դա։ Գործակալությունը նշում է, որ Թուրքիայում հուլիսի 28-ին սկսված անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, տուժել է ավելի քան 850 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







