Նախ պետք է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, հետո անցնել սահմանազատմանը, իսկ եթե Ադրբեջանը դրան չի գնում, որևիցե խնդիր պետք չէ քննարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով սահմանազատմանը։
Տավուշի անկլավների մասին․ Արցախի նախկին պաշտոնյան նկատեց, որ այնտեղ խնդիրներ կան. «Եթե իրոք գնում են դեմարկացիայի և դելիմիտացիայի, ապա այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն են, բայց իրենց ձեռքում են, և հակառակը: Կա երկու անկլավ, որոնք իրենցն են: Դա խնդիր է, թե ով է շահողը լինելու՝ մե՞նք, թե՞ իրենք»:
Նրա խոսքով՝ սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի սահմանը, և մարդ էլ չկա սահմանին կանգնեցնելու:
«Դրա համար պետք է բանակ կառուցել, գլուխ կախել, ատամները սեղմել ու կառուցել պրոֆեսիոնալ բանակ: Հեքիաթ է, որ պատմում են, թե փող չունենք, էս չունենք, էն չունենք։ Փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Ինչ խոսում ենք, ասում են՝ փող չունենք»,- ասաց Սամվել Բաբայանը:
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը շեշտեց, որ Արցախի հարցով բոլորն էլ մեղավորություն ունեն, բայց կա մեղավորություն և կա հանցագործություն։ Առաջարկում է պարզել հանցագործություն կատարածներին ու պատժել։
«Կարո՞ղ եք ասել 1992 թվականին ով էր մեղավոր, որ Շահումյանը, Մարտակերտն ու մնացած գյուղերը հանձնվեցին։ Մինչև այսօր չգիտեք չէ՞։ Նույն էլ հիմա է։ Այն ժամանակ էլ իրար «պաս» էին տալիս, թե ով է մեղավոր»,- նշեց նա։
Ի դեպ, Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, որ մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Բաբայանի պնդմամբ՝ ընտրություններին մասնակցելու է, որպեսզի, այսպես կոչված, սևերի ու սպիտակների կռիվ չլինի, ու երկիրը վերջնական չկործանվի։
«Մենք մեջտեղի գիծն ենք լինելու, որպեսզի թույլ չտանք վերջում արյունահեղություն լինի: Բայց ամեն ինչ գնում է դրան։ Ամեն ինչ տանում է բախումների՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







