ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ ուղղված մեղադրանքներն առ այն, թե նա լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Միացյալ Թագավորության, անհիմն է համարում: Դյուժարիկն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը։
«Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես լիովին պաշտպանում եմ նրան: Ձեզ կարող եմ ասել այն, ինչ ինձ փոխանցել են UNICEF-ի իմ գործընկերները. UNICEF-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ և այլ նշանակում կստանա»,- ասել է Դյուժարիկը:
Նա ընդգծել է, որ Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ է, ով նախկինում աշխատել է UNICEF-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում և Մադագասկարում:
UNICEF-ը 1993 թվականից աշխատել է Հայաստանի երեխաների համար և սերտ ու արդյունավետ համագործակցության մեջ է եղել կառավարության հետ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
Օրերս Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու մասին որոշումը, հայտնել էր. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







