Սասեքսի դքսուհին և նրա ամուսինը՝ բրիտանացի արքայազն Հարրին հարցազրույց են տվել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին: Երկու ժամ տևողությամբ զրույցը եթեր է հեռարձակվել CBS-ով։
Ըստ The Times թերթի, Եղիսաբեթ Երկրորդը չի դիտելու հարցազրույցը՝ ցույց տալու համար, որ թագավորական ընտանիքը «կենտրոնացած է ավելի մեծ խնդիրների վրա»: Ինքը՝ դքսուհին ասել է, որ «այլևս չի պատրաստվում վախով ապրել». «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էին ակնկալել, որ մենք կլռենք»:
Գաղտնի հարսանիքի մասին
Մեգան Մարքլը արքայազն Հարրիի հետ գաղտնի ամուսնացավ իրենց հարսանեկան արարողությունից երեք օր առաջ: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 18-ին: Հարսանիքը տեղի է ունեցել Ուինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում: Պսակադրությունն իրականացրել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին: Հարսանեկան տոնակատարությանը հրավիրված էին հասարակության ավելի քան 1,2 հազար ներկայացուցիչ:
Թագավորական ընտանիքի վերաբերմունքի և ինքնասպանության մտքերի մասին
Հարսանիքից հետո, ըստ Մարքլի, թագավորական ընտանիքը նրան ստիպել է զերծ մնալ հրապարակային ելույթներից: Հարցին, թե ինքն ի՞ր կամքով է լռում, թե դա ճնշում է ամուսնու հարազատների կողմից, Սասեքսի դքսուհին պատասխանեց. «Երկրորդը»:
Մինչ թագավորական պարտականություններից հրաժարվելու որոշում կայացնելը, Մարքլը մտածում էր ինքնասպանության մասին. «Ես պարզապես այլևս չէի ուզում ապրել: Դա շատ պարզ, իրական և վախեցնող սևեռուն միտք էր»: Մարքլի խոսքով՝ ինքը ամաչում էր դա խոստովանել իր ամուսնուն։
Թագավորական ընտանիքի մտահոգությունները՝ կապված իրենց երեխայի մաշկի գույնի հետ
Երբ Մարքլը հղի էր իր առաջին որդի Արչիով, թագավորական ընտանիքի որոշ անդամներ անհանգստանում էին, թե «որքա՞ն մուգ կլինի մաշկը»: Սասեքսի դքսուհին չի նշել նրանց անունները՝ ասելով, որ դա նրանց «լուրջ վնաս կհասցնի», և հավելել է, որ ամուսինը պատմել է այդ մասին իրեն: Արքայազն Հարրին նույնպես մանրամասներ չի հայտնում՝ նշելով, որ իրավիճակն ինքնին ցնցող էր: Մարքլը նաև ասաց, որ իր որդուն արքայազնի կոչում չեն տվել, ուստի նա չի ստացել պաշտպանություն, ինչը հակասում է ավանդույթին:
Ընտանիքի արձագանքը զույգի որոշմանը՝ հրաժարվել թագավորական պարտականություններից
Ինչ-որ պահի Հարրիի հայրը՝ բրիտանական գահաժառանգ արքայազն Չարլզը, դադարել է խոսել որդու հետ և պատասխանել նրա հեռախոսազանգերին: «Երբ մենք Կանադայում էինք, ես երեք զրույց ունեցա տատիկիս և երկու զրույց հայրիկիս հետ, որից հետո նա դադարեցրեց պատասխանել իմ զանգերին»,-ասաց դուքսը:
Այժմ, ըստ Հարրիի, ինքը և իր հայրը վերականգնել են շփումը, բայց նրանց հարաբերությունների վրա «աշխատելու բան կա»:
Թագավորական իշխանությունների հետ Հարրիի հարաբերությունների մասին
Հարրին «իսկապես լավ հարաբերություններ ունի» իր տատիկի՝ Էլիզաբեթ Երկրորդի հետ, և նա հարգում է նրա որոշումները: Արքայազնի խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքում ինքը թագուհու հետ շփվել է ավելի հաճախ, քան նախորդ մի քանի տարիների ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







