Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Ադրբեջանական կեղծ լուրը Armenia Today-ի հետ զրույցում հերքել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,-իր Facebook-յան էջում գրել է Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1168 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







