Այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլոնի հետ:
Ըստ ՀՀ ԱՆ մամլո հաղորդագրության՝ բարձր գնահատելով Չինաստանի ժողովրդի, կառավարության և դեսպանության օժանդակությունը Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացման գործին` նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին, շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Արսեն Թորոսյանը հատկապես ընդգծել է Չինաստանի կողմից տրամադրված նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը COVID-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում:
Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման և Չինաստանի աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունը:
Թորոսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ:
Կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես նաև երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել մշտապես քննարկելու համագործակցության և փոխօգնության հարցերը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության շրջանակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







