ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված 2020 թվականին ձեռք բերված թվով 10 Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը, որոնց արժեքը կազմում է 295 մլն 850 հազար 4 դրամ։
Նախագիծը նպատակ ունի աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։
Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են՝ նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։
Նվիրաբերվող թվով 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







