Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:54

Հագուստի մաքսատուրքի նոր մեխանիզմի ներդրման արդյունքում ներկրողները զգալի վնասներ են կրելու․ Պարսյան

Հայաստան ներմուծվող հագուստն ու կոշիկն այսուհետ մաքսազերծվելու են միջազգային չափանիշներին համապատասխան։ Եթե նախկինում կիլոգրամով էին հագուստն ու կոշիկը մաքասազերծվում, ապա այսուհետ, համաձայն նոր որոշման, հագուստն ու կոշիկը հատով, քանակով է մաքսազերծվելու։

Մաքսազերծման նոր մեխանիզմի անցման, հագուստի ու կոշիկի ներկրմամբ զբաղվող փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվող դժվարությունների, նոր մեխանիզմին անցման արդյունքում տեղական արտադրության համար ստեղծվող հնարարությունների մասին Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

— Պարոն Պարսյան, ինչպե՞ս եք գնահատում մաքսազերծման այս մեխանիզմին անցում կատարելը, ինչու՞ հիմա նման որոշում ընդունվեց։

— Նախ նշեմ, որ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համաձայն՝ մենք չունենք կիլոգրամով մաքսազերծում։ Տարիներ շարունակ կիլոգրամով մաքսազերծումն իրականացվել է մաքսազերծող ընկերությունների կողմից, որոնք տեղափոխում էին ապրանքը, մաքսազերծում ու հանձնում էին կոնկրետ ներկրողներին։ Կիլոգրամով մաքսազերծման մեխանիզմից հիմնականում օգտվում են Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից ներկրողները։ Դա նրանց թույլ էր տալիս առանձին ապրանքների համար չներկայացնել հաշիվ-ապրանքագրեր և ըստ դրա՝ ապրանքները մաքսազերծել։

Նախկինում այդ հարցին անդրադարձ է եղել և դրանով է պայմանավորված տարիներ շարունակ 1 կգ հաշվով մաքսազերծման գումարի բարձրացումը, օրինակ՝ հագուստի դեպքում կես դոլարից հասել է 4 դոլար։

Այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը չի կարողանում հավաքագրել նախատեսված հարկերն ու եկամուտները և փորձում է դրա համար այլ աղբյուրներ գտնել։ Աղբյուրներից մեկն էլ այս մաքսազերծման նոր մեխանիզմի ներդրումն է։ Այս որոշման արդյունքում ներկրողները ներկրման 4 դոլարի փոխարեն կվճարեն մոտ 20 դոլար, որը բավականին զգալի աճ է ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ իրացման ծավալները կտրուկ նվազել են տոնավաճառներում, շուկաներում և պետությունը նրանց վրա չնախատեսված հարկ է սահմանում։

— Մաքսազերծման նոր մեխանիզմի անցումն ի՞նչ հետևանքեր կունենա ներկրողների, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։

— Փոքր ու միջին բիզնեսը, առևտրով զբաղվող անձինք զգալի կորուստներ են կրելու, որի արդյունքում կա՛մ ապրանքի գինն է թանկանալու, ինչի արդյունքում կնվազի իրենց շրջանառությունը, կա՛մ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։

Կարծում եմ՝ կառավարությունը նախքան նման քայլ անելը պետք է երկար մտածի, դրա սոցիալական հետևանքները գնահատի, քանի որ այդ վերավաճառողները լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնելու։ Եթե նրանք կարողանում են այդ առևտրի միջոցով իրենց ընտանիքները պահել, ապա կտրուկ խստացման արդյունքում հնարավոր է՝ շատերը զրկվեն իրենց հացի գումարից, և պետությունը պարտադրված կլինի այդ մարդկանց ապահովել անհրաժեշտ բարիքներով, ապրանքներով, սննդով, սոցիալական աջակցության ծրագրեր առաջարկելով, հետևաբար այս պահին նման խստացումը կարծում եմ՝ տեղին չէ։

— Հայրենական արտադրանքի խթանման  ու տեղական ներուժի զարգացման առումով սա ի՞նչ հնարավորություններ է ստեղծում։

— Հայաստանը պետք է թուրքական ապրանքների հոսքն աստիճանաբար կրճատի, և այն ապրանքները, որոնք Հայաստանում արտադրվում են, պետք է Թուրքիայից ներմուծվող նման ապրանքների մուտքն արգելվի։ Կարծում եմ՝ այս մասով պետք է կառավարությունը հասցեական քաղաքականություն մշակի և ոչ թե բոլորի նկատմամբ սահմանի բարձր մաքսատուրքեր, այլ դասակարգի դրանք․ այն ապրանքները, որոնք Հայաստանում արտադրվում են, կարծում եմ՝ այդ ապրանքների նկատմամբ տեղին կլինի որոշակի մաքսավճարների աճ նախատեսել։ Դա թույլ կտա տեղական արտադրությունը խթանել, տեղական շուկայում այդ ապրանքները շրջանառել։ Բնականաբար, այս ամենի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն, և մեր բիզնեսը հարկեր կվճարի պետական բյուջե։

— Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում շատ ներկրողներ կկրեն լուրջ վնասներ, հնարավոր է՝ շատերը դադարեցնեն իրենց գործունեությունը։ Տեղական արտադրությամբ զբաղվող ընկերությունների և հագուստի ու կոշիկի ներկրմամբ զբաղվող ձեռնարկատերերի միջև համագործակցության ի՞նչ նախադրյալներ կարող են լինել։

— Կարծում եմ՝ այս հարցում իշխանությունները պետք է համագործակցության հարթակներ ստեղծեն՝ տեղական արտադրողներին կապելով ներկրողների, վերավաճառողների հետ։ Տարիներ առաջ ծրագիր կար, որ թուրքական տեքստիլի ներկրումը կրճատվեր, և տեղական տեքստիլ արտադրող ընկերությունները ստանձնում էին պատասխանատվություն, որ ինքնարժեքին մոտ կամ ինքնարժեքով իրենց արտադրանքը տրամադրեն վաճառողներին, որպեսզի թուրքական արտադրանքից հրաժարվեն և անցնեն հայրենական արտարդանքի։ Նման հնարավորության պարագայում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան շարունակել իրենց գործունեությունը։

— Մաքսատուրքի բարձրացման արդյունքում կարձանագրվի որոշակի գնաճ։ Պետությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի գնաճը զսպելու ու շուկայում դիվերսիֆիկացիան պահպանելու համար։

— Գնաճը զսպելու համար պետությունը պետք է խրախուսի տեղական արտադրությունը։ Նշեմ նաև՝ համավարակի պայմաններում այս ապրանքները բարձր պահանջարկ չունեն. գնաճին զգուգահեռ հնարավոր է՝ պահանջարկն էլ ավելի նվազի։

Հագուստն ու կոշիկն առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն, և մարդիկ բնականաբար չեն շտապելու այդ ապրանքները գնել։ Պետությունը պետք է գնահատի իրավիճակը, առանձին շուկաներն ուսումնասիրի և առաձին շուկաներով որոշում կայացնի։ Եթե մենք Հայաստանում այդ ապրանքներն արտադրելու հնարավորություն ունենք, ապա ներմուծվող նմանատիպ ապրանքները պետք է բարձր մաքսատուրքեր ունենան, որպեսզի տեղական արտադրությունը պաշտպանենք․ այստեղ կառավարությունը և էկոնոմիկայի նախարարությունն անելիքներ ունեն։

— Տեղական արտադրության զարգացման պարագայում, բացի ներքին շուկայից, նաև արտաքին շուկայում ներկայացնելու անհրաժեշություն է առաջանելու։ Որո՞նք են լինելու հայրենական արտադրանքի արտահանման թիրախային շուկաներն ու արտահանումը խթանելու ի՞նչ հնարավորություններ ունենք։

-Մեր թիրախային շուկան այս պահին ԵԱՏՄ-ն է, ՀՀ-ն բավականին մեծ քանակությամբ տեքստիլ, կոշիկ է արտահանում ԵԱՏՄ շուկա՝ մասնավորապես Ռուսաստան, մասամբ նաև՝ Ղազախստան. կարծում եմ՝ այդ շուկան կարող ենք նաև զարգացնել։

Որոշ ժամանակ առաջ մենք իրականացրել ենք ռեէքսպորտ․ թուրքական կաշվե իրերը գալիս էին Հայաստան, այստեղ որոշակի փոփոխության էին ենթարկվում, արտահանվում էին Ռուսաստան՝ հայկական արտադրանքի անվան տակ։

Մենք մոտ 270 մլն դոլարի ապրանք ենք ներկրում Թուրքիայից և մոտ 1-1,5 մլն դոլարի ապրանք ենք արտահանում Թուրքիա։ Արտահանում ենք հիմնականում չմշակված կաշի, որը Թուրքիայում վերամշակվում և դառնում է կոշիկ ու վաճառվում մեզ վրա։ Այս հարցում լուրջ անելիքներ ունենք․ պետք է կառավարենք արտադրության ողջ շղթան. այստեղ նոր մոտեցումների, նոր ծրագրերի անհրաժեշտություն կա, և միայն բիզնեսն այս խնդիրը չի կարող լուծել։ Այս հարցում անհրաժեշտ է պետական աջակցություն և պետություն-մասնավոր սեկտոր համագործակցություն։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+