Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Տպագիր մամուլի ուշագրավ հրապարակումները. Armenia Today-ի ընտրանին

«Հրապարակ» թերթ

Գյումրիում սպասվող ներդրումներն այդպես էլ խոստում մնացին

«Հեղափոխությունից հետո Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումներն այդպես էլ խոստում մնացին․ բացի 1-2 ժամանցի կենտրոնից, վերջին 2 տարում ոչինչ չի ստեղծվել: Վերջին խոշոր ներդրումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» հյուրանոցն էր և «Կումայրի» պատմական կենտրոնի ծրագրի շրջանակներում Ռուսթավելի ու հարակից փողոցների բարեկարգումը` նախշազարդ սալիկապատմամբ: Կարապետյանների ընտանիքը խոստացած 500 հազար դոլարի փոխարեն մոտ երկու անգամ ավելի` շուրջ 1 մլն դոլարի ներդրում է արել, և ծրագիրն ավարտվել է: Միայն մի փողոց էր մնացել, որ պետք է Ռուսթավելու նման սալիկապատեին, դա էլ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի այցից առաջ շտապ ասֆալտապատել են, որ վարչապետի այցի օրը ցուցադրելու և բացելու բան ունենան: Դրանով, սակայն, խախտել են Գյումրու պատմական միջուկի` Կարապետյանների նախատեսած սալիկապատման գաղափարը»։

Իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում. ԲՀԿ-ն հարցում է անցկացրել

«ԲՀԿ-ում հոկտեմբերի վերջին սպասվող հանրահավաքին Ծառուկյանի թիմը լրջորեն է նախապատրաստվում։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջնորդի հանձնարարությամբ՝ իրենք որտեղ բողոքի ակցիա են տեսնում, պետք է հայտնվեն տեղում, լսեն մարդկանց, հնարավորության սահմաններում փորձեն օգնել։ Հետագայում այդ խմբերը կարող են նաև մասնակցել ընդդեմ իշխանության հավաքներին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանի հանձնարարությամբ ներքին օգտագործման համար հարցում են իրականացրել և պարզել, որ իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում, բայց արդյունքները չեն հրապարակում»։

Սամվել Բաբայանը որոշել է «տերն ու ծառան» խաղալ Արայիկ Հարությունյանի հետ

«Արցախում ձևավորվող նոր իշխանությունների հարաբերությունները և պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թևակոխել։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։ Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։

Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը և դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից, Մասիս Մայիլյանն իր «խաղն» է խաղում, գեներալիտետը լրիվ ինքնուրույն կյանքով է ապրում։ ՀՀ իշխանություններն օրերս դեղին քարտ են ցույց տվել Բաբայանին, ով սկանդալային հայտարարություն է արել Արցախի և Հայաստանի միջև փոխօգնության պայմանագիր ստրագրելու մասին։ «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք․ ով՝ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։ Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»,- ասել է նա ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, և սա լուսաբանել են արցախյան ԶԼՄ-ները։ Բայց ժամեր անց Հայաստանից զանգել են, ու հայտարարությունը հեռացվել է, քանի որ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու, որ հայկական բանակն ընդամենը օժանդակություն է ցուցաբերում։

Հրապարակումները հեռացվել են, սակայն Բաբայանը հասկացրել է, որ ինքն ինչ ուզի, կարող է հայտարարել, ոչ մեկը չի կարող դա պաշտոնական տեսակետ համարել, քանի որ Արայիկ Հարությունյանը վերջերս հրամանագիր է ստորագրել, որ արտաքին քաղաքականության հարցերում պաշտոնական դիրքորոշում կարող են հայտնել միայն նախագահը և արտաքին գործերի նախարարը։ «Բաբայանը որոշել է «տերն ու ծառան» խաղալ Արայիկ Հարությունյանի հետ և առաջիկայում էլ Հարությունյանի հրամանագրի «ինադու» հայտարարություններ անել»,- ասաց արցախյան մեր աղբյուրը»։

«Ժողովուրդ» թերթ

Գագիկ Ծառուկյանը փակել է իր՝ վարչապետ դառնալու թեման․ ինչ է քննարկվում ընդդիմադիր եռյակի օրակարգում

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր եռյակ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների օրակարգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն թեման, թե ով կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի իրենց թեկնածուն: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մյուս ուժերին առաջարկել է որոշել, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որևէ հավակնություն չունի վարչապետ դառնալու, ավելին՝ Վանեցյանն էլ չի կարող հավակնել դառնալու եռյակի վարչապետի թեկնածուն: ՀՅԴ-ն ևս նման հեռանկար չի տեսել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ «Հայրենիք» կուսակցությունից: Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ասաց.

«Նմանատիպ խոսակցություն, որքանով ես տեղյակ եմ, եղել է ամիսուկես, երկու ամիս առաջ, երբ նոր սկսվում էր եռյակի գործունեությունը: Որևէ մեկը հարց չի բարձրացրել, թե ով պետք է լինի վարչապետ. այո՛, եռյակն ասել է, որ մեր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ, և այն ինքնանպատակ չէ: Մեր պայքարը առհասարակ իշխանությունների դեմ է, որը մենք իրականացնում ենք. վարչապետի հարց չկա օրակարգում»: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Ես նման ձևաչափով, առավել ևս նման բովանդակությամբ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ, եռյակի ձևաչափում տեղի ունեցող բոլոր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն և հաղորդագրություններ տրամադրվում են ԶԼՄ-ներին: Եվ ես խորհուրդ եմ տալիս լրատվամիջոցների բոլոր իմ գործընկերներին առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով և ոչ թե տարատեսակ ու կասկածելի աղբյուրներից լրատվական դաշտ նետված տեղեկատվությամբ»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին մասնակցել միայնակ՝ առանց դաշնակիցների: Ավելին, Ծառուկյանը երկու ամսից ավելի է, ինչ չի հանդիպել ինչպես Վանեցյանին, այնպես էլ «Դաշնակցության» լիդերներին: Ընդդիմադիր եռյակի համագործակցությունը շարունակվում է միայն աշխատանքային խմբի ձևաչափով, որի անդամներն են ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը և Արթուր Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Լիլիթ Գալստյանը, իսկ «Հայրենիքից»՝ Արա Սահակյանը և Արսեն Բաբայանը: Թե ուր կհասնեն, դժվար է ասել»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Հայկ Մարությանը հանդիպել են օդանավակայանի VIP սրահում. ուշագրավ մանրամասներ

«Նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր մի իրավիճակի է ականատես եղել: Երևան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այնուհետև, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են: Թե ինչի շուրջ են զրուցել վերջիններս, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ «Ժողովուրդ» օրաթերթին այդ թեմայով: Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանի օրը ավարտվել է ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցով: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետը ավագանու նիստը չի վարել, քանի որ վատառողջ է: Ինչ է պատահել Մարությանին՝ դա էլ չկարողացանք պարզել. քաղաքապետի խոսնակը դարձյալ հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել»:

Հայաստանում այս տարի ծնվածների թիվն ավելացել է

«Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 19 հազար 530, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 19 հազար 372, 2018-ին՝ 19 հազար 652: Այսինքն՝ ծնվածների քանակը 158-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի հունվար-հուլիսի համեմատ այն հակառակը՝ պակասել է 122-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է ավելացել:

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մահացել է 17 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հուլիսին մահացածների թիվը կազմել է 15 հազար 793, 2018-ին՝ 15 հազար 565 մարդ: Այսինքն 1343-ով ավելացել է մահացածների քանակը: Պաշտոնական տվյալներով, հուլիսին Covid-19-ից մահացել է 320 մարդ, հունիսին՝ 355: Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով»:

«Փաստ» թերթը

Ուշագրավ հավաք՝  Լոռու մարզում

«Օրերս ուշագրավ հավաք է անցկացվել Լոռու մարզում: Տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկը կազմակերպել է տարբեր հաշվարկներով շուրջ 200-250 լոռեցի երիտասարդի վրանային հավաք Տաշիրի տարածաշրջանում: Առկա լուսանկարները ցույց են տալիս, որ հավաքի ընթացքում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, ավելին` ինքնին նման մարդաշատ վրանային հավաքն արգելված է պարետի որոշումներով:

Իսկ ահա մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության՝ հավաքի մասին ռեպորտաժում կազմակերպիչները նշում են, որ միջոցառումն անցկացվում է Լոռու մարզպետարանի աջակցությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով` հենց մարզպետարանի միջնորդությամբ ֆինանսական մասն ապահովել են համայնքապետարանները՝ մեծամասամբ նվիրատվության անվան տակ:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում ևս նախատեսված են նման հավաքներ, որոնք, մարզում շատերի համոզմամբ, ունեն քաղաքական հեռահար նպատակ՝ կապված սպասվող (կամ «ցանկալի») ՏԻՄ ընտրությունների, առաջին հերթին՝ Վանաձորի ավագանու (ըստ այդմ՝ նաև համայնքի ղեկավարի) ընտրության հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+