Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նիստի ընթացքում ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման և փորձարկման մանրամասներ:
Նիստի մասնակիցներն այցելել են նաև մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ Գլխավոր տաճար և «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր:
Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին փաստեր:
Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ և ՀԱՊԿ մի շարք փաստաթղթեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






