«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։
Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեկ Ամուլսարի շրջակայքում ապօրինություն իրականացնող խմբավորումը փորձել է խոչընդոտել նոր պահնորդական ծառայության աշխատակիցների մուտքն Ամուլսարի տարածք։ «10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական կազմակերպությանը` դիտավորյալ վնաս պատճառելով ընկերության գույքին՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր (կից՝ լուսանկարներ)։ Կարծում ենք նման խուլիգանության ու ապօրինության հուսահատ դրսևորումները լավագույն ապացույցն են առ այն, որ այս խմբավորումը չունի համայնքի աջակցությունը»,-հայտնում են ընկերությունից։
Ըստ ընկերության՝ խմբավորումը «արյունահեղության» սպառնալիքներ է տեղացել համայնքի այն հարյուրավոր բնակիչների հասցեին, որոնք ցանկանում են աշխատել ծրագրում։ «Մեր գնահատմամբ, նման վարքագիծը հետևանք է ապօրինության ու ամենաթողության հանդեպ պատկան մարմինների ավելի քան երկու տարվա հանդուրժողականության։ Երեկ ևս ոստիկանությունը, մեր գնահատմամբ, պատշաճ չի իրականացրել իր գործառույթները՝ չվերացնելով ապօրինությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ «հակառակ ակնկալիքներին, չի բանակցելու որևէ ապօրինության շուրջ, չի առաջարկելու օրենքից դուրս որևէ «լուծում» և չի տրվելու համայնքները վախի մթնոլորտի մեջ պահող անպատիժ խմբավորման շարունակական սադրանքներին»։
Ըստ հաղորդագրության՝ միակ բանը, որի շուրջ բոլորի հետ պատրաստ է երկխոսել ընկերությունը, դա Ամուլսարի շուրջ ու այս համայնքներում օրենքի վերականգնումն է, համայնքների անվտանգության ապահովումն ու խաղաղ բարեկեցությանն ու համայնքների բարօրությանն ուղղված համագործակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







