Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր` սեպտեմբերի 1-ին, Անկարայում հայտարարել է, որ «Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերը Միջերկրական ծովում անարդար են, Թուրքիային փորձում են սահմանափակել»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը մի շարք երկրների կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի ռեսուրսների «յուրացումն» անվանել է «ժամանակակից գաղութատիրության» օրինակ:
«780 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Թուրքիային Միջերկրական ծովում փորձում են սեղմել 10 քառակուսի կմ տարածքում` լայն ծովային գոտին բռնագրավելու միջոցով: Մի՞թե սա անարդարություն և ապօրինություն չէ»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի կարծիքով՝ Անկարան Միջերկրական ծովի արևելքում և Էգեյան ծովում պահանջում է այն, ինչ իրեն է պատկանում:
«Անկարան հոգնել է տարածաշրջանում կուլիսների հետևում տարվող խաղերից: Թուրքիայի պես տարածաշրջանային և համաշխարհային խաղացողին որպես ընդդիմադիր ներկայացնել մի պետության (նկատի ունի Հունաստանին), որն ունակ չէ անգամ սեփական զարգացման մեջ ներդրում ունենալ, ծիծաղելի է: Անկարայի հակառակորդներին չի հաջողվելու կանգնեցնել Թուրքիայի աճը»,-հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







