Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Միջերկրական ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների պլաններից։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«[Սեյսմոլոգիական նավը] Oruc Reis-ը կշարունակի իր գործունեությունը մինչեւ օգոստոսի 23-ը։ Մենք առանց հապաղելու կպատասխանենք, եթե նրա աշխատանքին որևէ խոչընդոտ ստեղծվի։ Մենք հույս ունենք, որ Հունաստանը կգործի առողջ բանականությանը համապատասխան», — գործակալությունը մեջբերում է Թուրքիայի նախագահի խոսքը։
Նա նաև հայտարարել է, որ Անկարայի գործողությունները Միջերկրական ծովում «լիովին արդարացված են միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազի և նավթի հետախուզում իրականացնելու Անկարայի մտադրությունների պատճառով: Թուրքիան իր Oruc Reis հետազոտական նավը ուղարկել է հունական ծովային տարածք՝ Կաստելորիզո կղզու մոտ՝ սեյսմիկ հետախուզության համար նախատեսված ռազմանավերի խմբի ուղեկցությամբ։ Ի պատասխան՝ Հունաստանն իր զինված ուժերը բերել է մարտական պատրաստության և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







