Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրում կա Սահմանադրությամբ ստեղծված կառավարություն, իսկ այն երկրները, որոնք ներկայումս փորձում են որպես միջնորդ հանդես գալ, պետք է առաջին հերթին կարգուկանոն հաստատեն իրենց մոտ:
Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած խորհրդակցության ժամանակ, փոխանցում է БЕЛТА-ն։
Բելառուսի ղեկավարը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Դուք ինձանից վատ չգիտեք, թե ինչ է կատարվում երկրում։ Աստիճանաբար սկսում կամ շարունակում են ճոճել իրավիճակը, մեր հասարակությունը։ Հասանք աշխատանքային կոլեկտիվներին։ Ես շատ անգամ խոսել եմ այդ մասին։ Պարզապես ուզում եմ հերթական անգամ ասել, որ դրանից ոչինչ չի ստացվի։ Երկիրը մենք ոչ մեկին չենք տա։ Իրավիճակը մենք կպահենք, — ընդգծել է Բելառուսի առաջնորդը։ — Ես չեմ ուզում ասել, որ ինչ-որ բարության, հանգստության տեղ կա։ Ո՛չ, մենք երբեք չենք հանգստանում: Դուք գիտեք, որ մեր կյանքն այնպիսին է, որ մենք, գտնվելով Եվրոպայի կենտրոնում, միշտ պետք է պատրաստ լինենք ժամանակին պատասխանել ցանկացած մարտահրավերի»։
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ արտերկրից Բելառուսին ինչ-որ միջնորդություն են առաջարկում, երկրի համար ստեղծում են արտասահմանյան կառավարություն: «Լսե՛ք, մենք ունենք Սահմանադրությամբ ստեղծված նորմալ կառավարություն։ Մեզ ո՛չ մի արտասահմանյան կառավարություն, ո՛չ մի միջնորդ պետք չէ։ Չվիրավորելով այդ հանրապետությունների ղեկավարությանը՝ ես ուզում եմ ասել՝ դուք կարգուկանոն հաստատեք ձեր մոտ», — ասել է նախագահը։
Նշենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







