Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը:
Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ ։
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը: Երկու կողմերից էլ շահագրգռվածություն են հայտնել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների միջոցով լուծելու հարցում», — ասված է հաղորդագրության մեջ։
Առաջնորդները պատրաստակամություն են հայտնել համակարգել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը։ Պուտինն ու Էրդողանը նաև նշել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների», հավելել են մամուլի ծառայությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







