Մոսկվայում գիշերը տեղի ունեցած հանցագործություններին մասնակից անձինք խստորեն կպատժվեն, ասել է Մոսկվայի եւ Մոսկվայի շրջանի ԱԴԾ վարչության ղեկավարի տեղակալ գեներալ մայոր Անդրեյ Յացենկոն հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
«Այդ հանցագործություններին առնչվող բոլոր անձինք խստորեն կպատժվեն։ Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից»,-ասել է Յացենկոն՝ նշելով, որ դա աղմկահարույց գործ է եւ գտնվում է երկրի ղեկավարության հսկողության ներքո։
Իր հերթին ոստիկանապետ գեներալ մայոր Իգոր Զինովյովը եւ Մոսկվայի շրջանում ՆԳՆ ոստիկանության Գլխավոր վարչության ղեկավար, Վյաչեսլավ Չուրկանը կոչ են արել տեղեկացնել համայնքի յուրաքանչյուր բնակչին այն մասին, որ հանցագործները կպատժվեն քրեական օրենսգրքի համաձայն։
Իշխանությունները ձեռնարկում են խստագույն միջոցներ ցանկացած ծայրահեղական դրսեւորում կանխելու համար՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիության զրկելն ու ՌԴ-ից վտարելը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, եւս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին լինել զգոն, դրսեւորել մեզ՝ հայերիս, հատուկ զսպվածություն եւ խոհեմություն եւ չենթարկվել սադրիչ գործողությունների ։
Արտասովոր իրավիճակների դեպքում անհապաղ դիմեք Ռուսաստանի հայերի միության թեժ գծին (89253045971) կամ իրավապահ մարմիններին»,-ասվում է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







