Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:21

Նոր չափորոշիչը կմտնի շրջանառության մեջ՝ ավերակելով ամբողջ հայ դպրոցը․ Սերժ Սրապիոնյան

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, այլ առարկաների թվում՝ նաև «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» առարկաների։

«Գրականություն» առարկայի նոր չափորոշիչը լայն քննադատության է արժանացել մասնագիտական հանրույթի կողմից։

Այդ չափորոշչի, վերջինիս շուրջ բարձրացած աղմուկի և ըստ ԿԳՄՍ նախարարության՝ դրանով կարգավորվող խնդիրների ու առարկայական ծանրաբեռնվածության նվազեցման մասին Armenia Today-ը զրուցել է գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ։

-Համաձայն ծրագրի՝ «Հայ գրականություն» առարկայից հանվում է «հայ» բառը և նշվում է, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է կազմում, և այսկերպ երեխաներն ուսումնասիրելու են համաշխարհային գրականություն։ Պարո՛ն Սրապիոնյան, որքանո՞վ է տեղին այս մոտեցումը։

-Եթե չվիճենք, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասն է, ապա ռուս գրականությունը այս դեպքում ի՞նչ է, ռուս գրականությունը համաշխարհային գրականությանը քիչ լիցքեր է տվե՞լ, քիչ արժեքեր կա՞ն, որոնցով այսօր եվրոպական ու ամերիկյան դպրոցներում հատուկ անցնում են Տոլստոյ, Դոստոևսկի, Պուշկին, ինչո՞ւ նրանք չեն հասկանում, որ ռուս գրականությունը համաշխարհային գրականության կարևոր ճյուղն է, հասկանում են։

Արդյոք այստեղ քաղաքականության հոտ չի գալի՞ս, քաղաքական մոտեցման ձև չկա՞, իհարկե՝ կա։

Իսկ սփյուռքի գրականությունը հայ գրականության մա՞ս չէ արդյոք, իհարկե մաս է, թե՞ միայն Հայաստանում ստեղծված գրականությունն է գրականություն։ Ըստ նոր չափորոշիչների՝ շատ թույլ հիշատակում կա Զահրատի մասին, և միայն հավուր պատշաճի ներկայացված է Վիլիամ Սարոյանը։

Ժամանակին կար տարբերակում սփյուռքահայ, օրատալեզու և հայ գրողների։ Այս ամենը խառնել են իրար, իսկ հիմնավորումը, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է և այդ շրջանակներում պետք է ուսումնասիրվի, կեղծ ու անհիմն պատճառաբանություն է հակազգային ծրագրերն առաջ տանելու։

-Փորձագիտական խմբի ձևավորումն ի՞նչ սկզբունքներով ու մեթոդներով է իրականացվել, ինչո՞ւ մյուս կարկառուն գրականագետները չեն ներառվել։

-Թե ինչ սկզբունքով է ձևավորվել փորձագիտական խումբը, հայտնի է միայն մեֆիստոֆելին՝ սատանային, ու նախարարին։ Թե ի՞նչ սկզբունքով է ձևավորվել, ի՞նչ մրցույթ է եղել, ո՞ր արժանիքների համար են հայտնվել փորձագիտական խմբում այդ մարդիկ, որևէ մեկին հայտնի չէ։

Դասականի արժեք տված մի ամբողջ ժողովածու են դնում Գրիգի (Գրիգոր Շաշիկյան) ստեղծագործությունից՝ որպես պարտադիր ուսուցման թեմա, մինչդեռ Մուշեղ Գալշոյանի անունը չի հիշատակվում։

Ընդհանուր առմամբ, հարցերը բավական շատ են, և այս չափորոշչի հիման վրա կարելի է մի ամբողջ աշխատություն գրել՝ «Թե ինչպես չի կարելի չափորոշիչներ կազմել» թեմայով։

-Փորձագիտական խմբի անդամները նշում են, որ նոր չափորոշիչով նպատակ ունեն թեթևացնելու կրթական ծրագրերը։ Այս ծրագիրը որքանո՞վ կծառայի այդ նպատակին։

-Այդ պարագայում փորձագիտական խմբի անդամները կարո՞ղ են մեկնաբանել՝ Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» վեպը դնելով՝ ծանրաբեռնո՞ւմ, թե՞ թեթևացնում են հայ աշակերտի խնդիրը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը քանի՞ հայ ուսուցիչ կարող է պարապել։ 26 օտար ու մեծ մասամբ կասկածելի գրողների ընդգրկումով, թե՞ 14 չճանաչված ժամանակակից գրողների ընդգրկումով են թեթևանցում կրթական ծրագիրը, հիմա քանի՞ հայ ուսուցիչ գիտի Արմեն Օհանյանին ու նրա ստեղծագործությունները, կամ Գրիգին ու նրա գրականությունը, «Հիսուսի կատուն» ի՞նչ է տալու հայ երեխային։

Իսկ ի՞նչն է խանգարում Մաշտոցի կենսագրությունն իմանալ։ Գրողի կենսագրությունը որոշակիորեն արտացոլվում է նրա գրականության մեջ, և այդ արտացոլված գրականությունը գրողի իբրև մարդ բնութագիրը չէ, դա ընդամենը գրող տեսակի բնութագիրն է, իսկ գրողի բնութագիրը նրա կենսագրության մեջ է, այդտեղ է երևում, թե ինչու է գրում։ Բնականաբար, գրողի կենսագրության բոլոր ավելորդ մանրամասները չպետք է ուսումնասիրի աշակերտը, բայց գրողի ուսումնառությունը, գրող դառնալու պատմությունը և այլն անհրաժեշտ են աշակերտին՝ նրա ստեղծագործությունները հասկանալու և հայի իսկական տեսակը ճանաչելու համար։

-Գրականագետների կողմից ծրագիրը լայն քննադատության արժանացավ, իսկ փորձագիտական խմբի անդամները նշում են, որ սա դեռ սևագիր տարբերական է, ու աշխատում են ծրագրի վրա։ Ի՞նչ ապագա կունենա ծրագիրը։

-Գրեթե նույն իրավիճակն ունենիք, երբ բուհերում հայոց լեզուն դարձնում էին կամընտրական․ հայտարարել էին, որ դա աշխատանքային տարբերակն է, վերջնականը չէ, վերջնականը կներկայացնեն հանրության դատին, բայց դա տեղի չունեցավ։ Քանի՞ աշխատանքային ծրագիր է որպես օրենք մտել դպրոցական ծրագրերի մեջ, կարո՞ղ են բացատրել, չենք կարող։

Դա ընդամենը հանգստացնող ֆրազ է, որովհետև այն, ինչ ներկայացվել է, արդեն իբրև օրինական փաստաթուղթ, իր տեղը կգտնի, և այդ օրինական փաստաթուղթն էլ կմտնի շրջանառության մեջ՝ ավերակելով ամբողջ հայ դպրոցն ու հայ աշակերտի հոգեբանությունը։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+