Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը:
«Հայ-ռուսական հարաբերությունների որեւէ մակարդակում նման հարցեր չեն բարձրացվել եւ չեն կարող բարձրացվել, քանի որ մենք Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք ՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության եւ դարավոր բարեկամության սկզբունքների վրա», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ լիազորված չէ մեկնաբանել որեւէ լրագրողի անձնական կարծիքը։ «Ես անձնական կարծիք ունեմ գրառման վերաբերյալ, որի հնչեցումից ձեռնպահ կմնամ», — ասել է Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ ֆեյսբուքյան էջում այդ գրառման հրապարակմանը։ «Գրառումն այդ հարթակում հայտնվելուց հետո ՀԱՊԿ-ում մեր մշտական ներկայացուցչի միջոցով կապ ենք հաստատել ՀԱՊԿ համապատասխան վարչության հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, անմիջապես խնդիրը լուծվել է, տրվել է բացատրություն, որ եղել է տեխնիկական վրիպակ, մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից և հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն»,- ասել է Նաղդալյանը։
Հարցին, թե ե՞րբ է ՀՀ-ն օգնության խնդրանքով դիմել ՌԴ-ին, ինչպես Սիմոնյանն է ասել, Աննա Նաղդալյանն նշել է, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ է ցանկացել ասել այդ լրատվականի ղեկավարը, ուստի այդ առումով մեկնաբանություն անել չի կարող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







