Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է Հայաստանի պետական սահմանին և Տավուշի մարզի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին։
Թվիթերի իր էջում նա գրառում է կատարել՝ քննադատելով ադրբեջանական ագրեսորի պահվածքը՝ առավել ևս համավարակի համաշխարհային պայքարի այս օրերին։
«Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչն ու չսանձազերծված հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- գրել է Քարդաշյանը։
Հեռուստաստղը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը, որը կկիրառվի Հայաստանի ու Արցախի դեմ։
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի այս ուղղությամբ ու քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով կանխի սրված հակամարտությունն ու մարդկանց կյանքերի կորուստը։
Ես կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներքաշված են երկրի սահմաններում վերջին լարված իրադարձությունների մեջ»,- գրել է Քարդաշյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ սանձազերծված այս հարձակումները խաղաղ լուծում պետք է ունենան, առավել ևս այսօր, երբ առանց այն էլ մարդիկ ապրում են համավարակի դժվարին ժամանակներում։
«Խնդրում եմ, դիմե՛ք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ Հայաստանին աջակցելու համար»,- եզրափակել է իր գրառումը ամերիկահայ աստղը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







