Հայ-ադրբեջանական պետական սահմանին պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ շարունակվող ռազմական ագրեսիան մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ, ի դեմս Իլհամ Ալիևի քաղաքական, ոչ լեգիտիմ իշխանության, գործ ունենք առավելապաշտական նկրտումներով ու արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը հակառակ քայլեր ձեռնարկող խմբավորման հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը
«Այս համատեքստում միջազգային հանրության թույլ արձագանքները, Թուրքիայի միակողմանի աջակցությունը որևէ կերպ չեն նպաստում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը, ինչն անխուսափելիորեն կարող է ավելի բարդացնել ստեղծված իրավիճակը»,- գրել է Պողոսյանը:
Խոսնակը նշել է, որ մեր հայրենիքի արցախա-ադրբեջանական սահմանային հատվածի ամբողջ երկարությամբ իրավիճակը մնում է կայուն և գտնվում է Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության ներքո:
«Բայց քանի որ շատ լավ ենք ճանաչում, թե ում հետ գործ ունենք, ով է մեր դիմաց կանգնածը, տիրող հարաբերական հանգիստը ոչ թե թուլացրել, այլ ավելի է մեծացրել զգոնությունը, որից ելնելով էլ համարժեք քայլեր են իրականացվում»,- գրել է Պողոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







