Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումն ու կոչ անում կողմերին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապաէսկալացիան շարունակելու համար:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է վաև, որ, ըստ ստացված տեղեկության, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 15-ի առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել:
Համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը:
Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`ղարաբաղյան հակամարտության կարևորագույն հարցերի ուղղությամբ հնարավորինս շուտ բանակցություններ անցկացնելու հաստատումը և կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







