«Վերջին օրերի ընթացքում մեր հանրապետությունում որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Մելքումյանը նշել է, որ դրանցում հաճախ գերակշռում են անհեթեթ և անտրամաբանական հարցադրումներ և հոխորտանքներ:
«Չմտնելով դրանց մանրամասների մեջ՝ ասեմ, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն, խոր արմատներ, և այսօր մեր երկրում չկան հակառուսական տրամադրություններ սերմանելու օբյեկտիվ նախադրյալներ: Իսկ արհեստականորեն դա չի ստացվելու: Միթե՞ մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Մենք գտնվում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Մելքումյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններ են, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ:
«Հետևությունները թողնում եմ Ձեզ»,- եզրափակել է պատգամավորը։
https://www.facebook.com/mikael.melkumyan.77/posts/598463294400610
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






