2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց — Սևանի փողոց — Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։
Նշենք, որ ինչպես սույն թվականի հունիսի 28-ին, այնպես էլ նախորդ տարվա ամռանը նշված շենքում հրդեհ էր բռնկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







