«Վերջին օրերին մեր վերլուծութունները ցույց տվեցին, որ շատ ենք ունենում մոտ հասցեներում վարակման դեպքեր հարևան շենքերում, նույն փողոցի տներում, նույն խանութներից օգտվող շենքերի հարևանությամբ»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.
Նրա խոսքով՝ քաղաքացիները դիմակները կրում են միայն փողոցներում, բայց ոչ՝ հարևանների հետ, բակերում շփվելիս:
«Պատահական չէ, որ 2 օր առաջ սկսեցի հրապարակել թաղամասերի և փողոցների հասցեներ, որպեսզի մարդիկ իմանան, որ հենց իրենց փողոցում եղել է վարակման դեպք»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի ռիսկի խմբին՝ Թորոսյանը նշեց, որ երիտասարդները ևս պետք է զգուշանան.
«Մենք ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում, ինչը նշանակում է, որ ավելի երիտասարդ տարիքի քաղաքացիները ևս պետք է անհանգստացած լինեն դիմակների կրումով՝ հենց իրենց համար, քանի որ լինում են դեպքեր, որ քաղաքացիները տեղյակ չեն լինում իրենց քրոնիկ հիվանդությունների մասին: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ կամ զարկերակային գերճնշում: Այդ երկու ռիսկի գործոնները մահացած գրեթե բոլոր քաղաքացիների մոտ կային»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է ամենուր, բացառությամբ սնվելու, կրել դիմակներ, և այդ կոչը պետք է հասկանալ ուղղակի:
«Նույնիսկ եթե գտնվում ենք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի երաշխիք չունեք, որ այդտեղ որևէ մեկը չի փռշտացել կամ հազացել՝ արտանետելով վիրուսի միլիոնավոր մասնիկներ»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով դիմակների հասանելիությանը՝ նախարարը նշեց, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում: Ներկրողները կարծում են՝ մոտակա 1 ամսում գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին և կլինեն տասնյակ դրամների սահմաններում:
Ըստ Թորոսյանի՝ դա կվերացնի ևս մեկ խոչըդոտը, որպեսզի քաղաքացիները գիտակցաբար կրեն դիմակ:
Խոսելով տանը պատրաստված դիմակների մասին՝ Արսեն Թորոսյանը, հղում կատարելով ԱՀԿ ցուցոումներին, խորհուրդ տվեց առնվազն ռիսկի խմբի բնակիչներին՝ 60-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություն ունեցողներին կրել բժշկական դիմակներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



