Թեհրանը կարող է պատասխան գործողությունների դիմել ՄԱԳԱՏԷ-ի կողմից երկրի նկատմամբ ոչ կառուցողական որոշումների դեպքում: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ՄԱԳԱՏԷ-ն Իրանի նկատմամբ ոչ կառուցողական որոշումներ կայացնի, հավանականություն կա, որ Թեհրանը կարձագանքի դրան», — ասել է նա:
Մուսավիի խոսքով՝ «չնայած Իրանի և գործակալության միջև լավ համագործակցությանը՝ ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ է անում, որոնք ակնհայտորեն թշնամական են Իրանի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև միջազգային համակարգին»։
Ընդ որում, նա հավելել է, որ «համագործակցությունը Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև շարունակվում է, նույնիսկ Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատումից հետո
Նշենք, որ հունիսի 5-ին արևմտյան լրատվական գործակալությունները տարածել են ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Իրանում միջուկային ստուգումների վիճակի մասին:
Agence France-Presse-ի (AFP) հաղորդագրության համաձայն՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները գրեթե ութ անգամ գերազանցել են 2015 թվականի միջուկային գործարքով թույլատրված սահմանը: Գործակալությունում նաև «խորը մտահոգություն» են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Իրանը նախկինի պես թույլ չի տալիս փորձագետներին աշխատել երկու օբյեկտի վրա, որտեղ կարող են գտնվել չհայտարարված միջուկային նյութերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







