Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ, այս մասին Armenia Today-ին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։
Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինչպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։
Զրույցն ընդգրկել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։
ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին, ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







