Այսօր հիանալի կարգապահություն և պատասխանատվություն էր նկատելի Երևանի փողոցներում, հատկապես՝ կենտրոնում։ Մարդիկ կրում էին դիմակներ և ակնհայտ էր, որ գիտակցում էին պահի լրջությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
«Հետո վերադարձա Սևան, որը պարետատան որոշմամբ փակ քաղաք է, համաճարակի ահագնացող վտանգով, ապա՝ Գավառ և հարակից գյուղերը։ Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք։ Էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ, քեֆ, ուրախություն…»,-գրել է նա։
Կարապետյանը լրջանալու կոչ է արել՝ նշելով, որ հաջորդ մեծ փորձանքը հենց գյուղերում կսկսվի, քանի որ տարիքով անձինք հիմա հիմնականում գյուղերում են։ «Ձեզ չեք հարգում ու սիրում, գոնե իրենց նկատմամբ հարգանքից դրդված ձգվե՛ք»,-հորդորել է պատգամավորը։
Կարապետյանը կոչ է արել համայնքների ղեկավարներին ավելի կոշտ դիրքորոշումների անցնել. «Ընկերներ ջան, լավամարդ լինելու պաշարը սպառվել է։ Ուղղակի արգելե՛ք բազմամարդ միջոցառումները, եթե հարկ է՝ ոստիկանության հետ համատեղ։ Հիմա համատեղ ջանք է պետք, ամեն մեկիս ու բոլորիս համատեղ ջանքը, որ էս ախտը մեր տնից մաքրենք»,-գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







