ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը և 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ ՀՀ ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից:
Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների քննությունների քննության համար սահմանվում է 180 րոպե տևողություն, իսկ «Օտար լեզու» առարկայի քննությունը` 150 րոպե:
Դիմորդը ընդունելության քննությունը հանձնում է քննական կենտրոնում: Քննական կենտրոնում պարտադիր է բժշկի ներկայությունը:
Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:
Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝
1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար,
2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







