Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ լաբորատորիաների կողմից վճարովի թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը սա պայմանավորում է նրանով, որ լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:
Բացի այդ, ըստ նախարարության, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:
«Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով»,-հայտնում են նախարարությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



