ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից։ Այս մասին Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նկատեց, որ իր զեկույցներն օբյեկտիվ են, դրանցում կան դրական զարգացումներ։ Թաթոյանն ընդգծեց նաև, որ ճիշտ չի համարում, երբ խորհրդարանում երկու օր միայն ատելության խոսքն է քննարկվում, երբ մարդու իրավունքների ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Ըստ նրա՝ պատգամավորների ելույթներից իր համար պարզ դարձավ, որ ավելի մանրամասն հավանաբար պետք է ներկայացներ, թե ինչ լիազորություններ և իրավունքներ ունի մարդու իրավունքների պաշտպանը։
«Կարծում եմ, օրինակ, կարելի էր անդրադառնալ այնպիսի հարցերի, թե ինչու են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչու մենք երկրում չունենք հոգեբույժների բավարար քանակ: Ինչպես անենք, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները այնպես չլինի, որ չգնան դպրոց, քանի որ մայրը, օրինակ, դաունի համախտանիշ ունեցող երեխայի դեպքում մտածում է, որ ծաղրի կնեթարկեն երեխային ուսուցիչն ու դասարանի մյուս երեխաները»,- նշեց նա։
ՄԻՊ-ը նաև հարցադրում արեց՝ ինչո՞ւ են մարդիկ բողոքում, որ անվճար տրամադրվող դեղերը անարդյունավետ են, և նույնիսկ բժշկի ցուցումով նրանք չեն վերցնում այդ դեղերը, այլ ստիպված են լինում նորը գնել: Կամ ի՞նչ անենք, որպեսզի թեթևանա թոշակառուների քաշքշուկը, կամ ինչն է դրա պատճառը: «Եվ ես, օրինակ, հնարավորություն կունենայի պարզաբանել, որ դա նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք է: Եթե նախկինում, օրինակ, առաջին երկու-երեք ամիսների համար տեսուչը վերցնում էր իրեն քաղաքացու գումարը և շատ մեծ հաճույքով դասավորում էր գործը, ապա հիմա, քանի որ չկա այդ շահագրգռվածությունը, մարդկանցից դիմումներ առհասարակ չեն վերցնում, որ այդ մարդկանցից ձերբազատվեն, որպեսզի գրավոր մերժման անհրաժեշտություն չլինի, որպեսզի բողոք չգա իրենց վրա: Եվ միասին միգուցե կքննարկեինք, ինձ համար օգտակար կլիներ լսել ձեր առաջարկները: Կամ դուք կառավարությանը նորից կասեիք՝ հարգելի կառավարություն, խնդրում ենք, այլ դիտանկյունից նաև քննարկեք: Կամ ինչու են մարդկանց զրկում նպաստներից, ինչու է չարաշահումներ բացահայտելու դեպքում բեռը մնում շահառուի վրա»,- հավելեց ՄԻՊ-ը:
ՄԻՊ-ը կարևոր համարեց Ազգային ժողովի կողմից Լազարոտեի կոնվենցիայի վավերացումը:
«Այս կոնվենցիան կնպաստի մեր երեխաների նկատմամբ մանկապղծությունն արմատախիլ անելուն: Եվ այո, Հայաստանը վերջինն է հատկապես հետխորհրդային երկրների մեջ, իսկ Եվրոպայում՝ վերջից երկրորդը, որ չի վավերացրել այս կոնվենցիան», — ասաց Արման Թաթոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







