Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի մայիսի 12-ի նիստում:
Անդրադառնալով լրատվամիջոցների գործունեությանը, մեդիագրագիտությանն ու մեր երկրում դրա բացակայությանը, Հայրապետյանը նշեց, որ նախկինում վատ պրակտիկա կար իշխանություններ և ԶԼՄ-ներ հարաբերություններում, նախարարությունները գումար էին վճարում ոչ միայն իրենց աշխատանքը լուսաբանելու, այլև լռելու համար:
Նրա խոսքով՝ 2018 թվական մայիսին նշանակվելով Սփյուռքի նախարարի պաշտոնում, իր աշխատանքային երրորդ օրը հանձնարարել է, որպեսզի կատարվի վերլուծություն: Դրանից հետո որոշում է կայացրել, որ երկրորդ դասին պատկանող լրատվամիջոցների հետ համագործակցություն չպետք է ունենա իր ղեկավարած գերատեսչությունը: «Ինչպես ես, այնպես էլ իմ թիմից մի շարք պաշտոնյաներ հրաժարվել ենք այս պրակտիկայից: Բանն այն է, որ փաստորեն տարիներ շարունակ պետակամն բյուջեի միջոցների հաշվին վճարվել են, որպեսզի այս կամ այն լրատվական միջոցը պարզապես վատ վերանգրերով ու վատ բովանդակությամբ հոդվածներ չգրեն տվյալ պաշտոնյայի կամ նրանց մերձավորների մասին:
Պատկերացրեք հետևյալ իրրավիճակը՝ մոտ 35 կամ 40 հազար դրամ վճարվել է երկու պարբերություն ունեցող հոդվածի համար, և եթե այդ լրատվամիջոցներում որոնենք տվյալ պաշտոնյաների անունը, կտեսնենք, որ այնտեղ որևէ բացասական հոդված չի եղել: Այստեղից պարզ է դառնում, թե ինչու ենք մենք հրաժարվել այդ պրակտիկայից: Եթե հետհայացք գցենք մայիս-հունիս ամիսներին, ձեզ համար ակնհայտ կլինի, թե որ պաշտոնյաներն են հրաժարվել այդ պրակտիկայից՝ մարդիկ, ովքեր առավոտից մինչև գիշեր 15-20 լրատվամիջոցների կողմից թիրախավորվել են, անխնա քննադատվել»,- նշեց Հայրապետյանը:
Պատգամավորի խոսքով՝ առանձին լրատվամիջոցների ղեկավարներ կամ խմբագիրներ մեծապես տուժեցին նոր իշխանության որդեգրած քաղաքականությունից:
«Մեր կարևորագույն անելիքը պետք է լինի մեդիագրագիտությունը: Եթե չկա մեդիագրագիտություն, ապա ամեն ժամ ՀՀ քաղաքացին մանիպուլացվելու, մոլորեցվելու սպառնալիքի առաջ է լինելու: Պետության կողմից hասարակության հետ աշխատանքը չունի այլընտրանք: Մեդիագրագիտությունն է, որ լուծելու է այն խնդիրը, որի առջև կանգնած է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է ունենք այնպիսի կրթված հանրություն, որը հստակ կտարանջատի կեղծիքն ու սուտը առողջ ու հիմնավորված քննադատությունից»,- ասաց Հայրապետյանը:
Պատգամավորը նշեց, որ սուտն ու կեղծիքը տարածում են որոշ լրատվամիջոցներ, սակայն իրենք չեն պատրաստվում կասեցնել դրանց գործունեությունը:
«Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ որևէ կայք փակի, բայց ԶԼՄ դաշտում պետք է լինեն կոնկրետ գործուն նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»,- նշեց պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







