89 տարեկանում Դաքքայում մահացել է Բանգլադեշի 300֊ամյա հայ համայնքի վերջին ներկայացուցիչը՝ Դաքքայի Սուրբ Հարության Հայ Առաքելական եկեղեցու վերջին պահապանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
«Բանգլադեշի վերջին հայը՝ Մայքլ Ջոզեֆ Մարտինը, մահացել է 89 տարեկանում՝ վերջ դնելով Բանգլադեշի երբեմնի ծաղկուն և հզոր քրիստոնեական համայնքի 300-ամյա ներկայությանը։ Մարտինը մի քանի տասնամյակ եղել է հայկական Սուրբ Հարության եկեղեցու հոգաբարձուն, որը հիմնադրվել է 1781 թվականին այն վայրում, որը ժամանակին եղել է Դաքքայի հայ համայնքի սիրտը», —ասվում է Bangkok Post-ի նյութում:
Նշենք, որ նա ծնվել է 1930-ին՝ Բիրմայում և Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին և նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։
Հայկական եկեղեցուն մատուցած իր ծառայության համար Ջոզեֆ Մարթինը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել: Նա մահացել է Կանադայում, որտեղ փոխադրվել էր տարիքի և հիվանդության բերումով՝ զավակների մոտ լինելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







