Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով սահմանված կարանտինային ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Վերլուծելով Ադրբեջանում ստեղծված սանիտարահամաճարակաբանական իրավիճակը, այլ պետություններում ձեռնարկվող քայլերը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունները՝ հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ի ժամը 00:00-ն»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ վիրուսի տարածման արագությունն ու վարակվածների առողջացման մակարդակը հաշվի առնելով՝ Ադրբեջանում կմեղմեն մի շարք սահմանափակումներ: Կվերականգնվի աշխատանք տրամադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական կառույցների աշխատողների, գեղեցկության սրահների աշխատանքը:
Ուսումնական հաստատությունների փակումը ևս երկարաձգվում է մինչև մայիսի 31-ը:
Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1854 և մահվան 25 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







