Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից:
«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի:
Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը:
Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







