Վրաստանի վարչապետի ապարատի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Rustavi 2-ի եթերում խոսել է պարետային ժամի վերացման մասին, փոխանցում է Aliq.ge-ն։
Մեզվրիշվիլիի խոսքով՝ կառավարության ծրագրում չեն ներառվել պարետային ժամի, ինչպես նաև հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացման կոնկրետ ժամկետները, քանի որ դրանք կախված են համաճարակային իրավիճակի հետ:
«Այս ամենը կմնա ուժի մեջ արտակարգ դրության ժամկետով: Ինչպես գիտենք արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը ներառյալ, ինչը նշանակում է, որ այս ընթացքում կգործեն բոլոր այն սահմանափակումները, որոնք չեն վերացվել ապրիլի 27-ին: Պարետային ժամի և հանրային տրանսպորտի սահմանափակման նպատակը փողոցներում հավաքվելու նվազեցումն է»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:
Մեզվրիշվիլին նաև հավելել է, որ եթե փոխվի համաճարակային իրավիճակը, հնարավոր է, պարետային ժամի և հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացումը ավելի շուտ տեղի ունենա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







